«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:
-Հայաստանն ունի նոր կառավարություն, նոր վարչապետ, որևէ ձևով այդ փոփոխությունն արտահայտվո՞ւմ է:
-Կարծում եմ` փոփոխությունը հանրությունը շատ շուտով կտեսնի, դա կլինի և՛ աշխատանքի ոճի մեջ, և՛ վարվող, առաջին հերթին, տնտեսական քաղաքականության մեջ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջին հատկանիշը աշխատանքում պահանջկոտությունն է, նա խստապահանջ է նախ իր, ապա իր հետ աշխատող մարդկանց նկատմամբ: Պատահական չէր, որ կառավարության նախաձեռնած արտահերթ նիստում մենք ունեինք այդքան ընդգրկուն օրակարգ: Կային բազմաթիվ խնդիրներ նախորդ տարվանից, գարնանային նստաշրջանից կուտակված, հարցադրումներ, որոնց վերաբերյալ ընդամենը 20-25 օր աշխատած կառավարությունն արդեն որոշակի լուծումներ է առաջարկում: Այդ խնդիրների զգալի մասը կապված է առանձին ոլորտներում և հասարակության տարբեր խավերում եղած դժգոհությունների հետ:
-Ո՞ր խնդիրներին է կառավարությունն արդեն լուծումներ առաջարկում:
-Արտահերթի ընթացքում քննարկված և ընդունված որոշ օրենքներում` ինչպես «Հաշվապահական հաշվառման մասին» և մի քանի այլ օրինագծերում, առաջարկվում են փոփոխություններ գործարար հանրության շրջանում եղած բանավեճի հիման վրա, առևտրի և ծառայությունների, էներգետիկայի մասին և այլ օրենքներում տեղ են գտել երկարաժամկետ և բյուջետային խնդիրների լուծմանը նպաստող, տնտեսական զարգացում ուղենշող լուծումներ:
-Ձեր կարծիքով` նոր կառավարության ծրագիրն ինչո՞վ է տարբերվում նախորդի ծրագրից:
-Այդ հարցը այս կամ այն ձևակերպումով հաճախ է հնչում` նախորդ կառավարության քաղաքականությունը հերքո՞ւմ եք, թե՞ շարունակում: Կարծում եմ` հարցի մեջ կեղծ նոտա կա: Տեսականորեն յուրաքանչյուր նախորդ ու հաջորդ կառավարություն, բնականաբար, որոշ չափով (ուզի թե չուզի) շարունակում է նույն գործը, բայց նաև յուրաքանչյուրի վարած քաղաքականությունն ունի իր նոր ձևն ու բովանդակությունը: Կոնկրետ իրավիճակում կառավարության ծրագիրն առաջին հերթին հիմնվում է քաղաքական մեծամասնության` ՀՀԿ-ի ու ՀՀ նախագահի ծրագրի վրա, հաշվի առնելով նաև այլ կուսակցությունների ծրագրերում ներկայացված և մեր ծրագրերի հետ համադրելի գաղափարները, քանզի մենք մշտապես ընթացել ենք հանրային և քաղաքական համախմբման ճանապարհով: Ռազմավարական հենքը դա է, քաղաքական թիմը նույնպես չի փոխվել, մարտավարության, խնդիրների լուծման մեջ կարող են տարբեր բանալիներ գտնվել` նորովի ու յուրովի: Ամեն կառավարություն, ամեն ղեկավար ունի իր դեմքն ու ձեռագիրը, հանրային կյանքում դա զգացվելու է: Կարծում եմ` ավելի ճիշտ է ոչ թե հակադրել, այլ խորանալ և տեսնել` ինչն է շարունակական, ինչն է լրացվելու, ինչն է նորովի գնահատվելու ու ինչ նոր ուղիներ են գտնվելու: Այս կառավարության մոտեցումների մեջ անպայման արտացոլվելու է կառավարության ղեկավարի և անդամների ձեռագիրը` պրակտիկ աշխատանքի մեծ փորձ, կառավարման հմտություններ, պրոֆեսիոնալիզմ, պատրաստվածություն, գիտական ներուժ, համակարգային մտածողություն, կամայնություն, մարդկանց հետ անկեղծ խոսելու, իրավիճակը ռեալ գնահատելու, հստակ խնդիրներ դնելու ու լուծելու ունակություն: Լինելով պրակտիկ մարդ` Հովիկ Աբրահամյանը դնելու է հստակ և իրատեսական խնդիրներ, դնելու է մեր երկրում մարդու, նրա կյանքի, վիճակի, կենսապայմանների, ապագայի հետ կապված խնդիրներ և նպատակներ: Վստահ եմ, որ բոլոր ծրագրերը լինելու են իսկապես մարդակենտրոն: Ծրագրերի առանցքային դրույթը` քաղաքացին ու նրա հոգսերը, այս կառավարության քաղաքական գերակայությունն է լինելու: Մեր հանրության սպասելիքները, առաջին հերթին` տնտեսական միջավայրի բարելավման ճանապարհով տնտեսական աճի և ակտիվության ապահովում, աշխատատեղեր, աղքատության նվազում, արդարանալու են:
-ՀՀԿ-ի համար խորհրդարանում առանց կոալիցիոն գործընկերոջ աշխատելը դժվարացե՞լ է, թե՞ ոչինչ չի փոխվել:
-Հիմա ավելի զգաստ ու զգայուն իրավիճակ է, պայքարն ավելի գաղափարական է և ավելի քաղաքական իրավիճակ է: Իսկ թե մեզ քննադատողները չո՞րսն են եղել, թե՞ հինգը կլինեն, արմատականության, ծավալի իմաստով ոչինչ չի փոխվում: Քվեարկության, որոշումների ընդունմանն անհրաժեշտ ձայների ապահովման խնդիր մենք չունենք` ամրության պաշարը զգալի է, աշխատանքային, մտավոր ռեսուրսի խնդիր ևս չունենք: Աշխատանքային մթնոլորտի իմաստով, թերևս, այսպես նույնիսկ ավելի հետաքրքիր է:
-Ինչո՞վ եք բացատրում, որ ոչիշխանական քառյակը, որ պահանջում էր կառավարության հրաժարական, խոստանում էր շուրջօրյա հանրահավաքներ, նոր իրավիճակ, գործնականում դադարեց գոյություն ունենալ:
-Թերևս երկու պատճառ կա: Նախ, ՀՀԿ-ն արեց ճիշտ քայլ, հանրության ու քաղաքական ուժերի համար ևս մեկ անգամ պարզ եղավ, որ մեր ձեռքը զարկերակի վրա է, մեր արձագանքը հստակ է, կառավարության փոփոխությունը որոշակի լիցքաթափում բերեց: Եվ հանրությունը, և քաղաքական ուժերը ակնհայտորեն սպասելիքներ ու հույսեր ունեն նոր կառավարությունից: Ինչ էլ ասվի, միանշանակ է, որ այս կառավարությունը նոր և լուրջ հույսեր է արթնացրել, վստահության ռեսուրս ունի: Մյուս պատճառը` քառյակը կուռ, գաղափարական հենքի վրա ձևավորված դաշինք չէ, շատ հարցերի վերաբերյալ շատ տարբեր տեսակետներ ու մոտեցումներ կան: Տեսակետների տարբերությունը սկզբունքային խնդիրների մեջ է, որ լակմուս է յուրաքանչյուր փոքրիշատե լուրջ իրավիճակի մեջ: Նախ և առաջ յուրաքանչյուր քաղաքական ուժ պիտի պատասխանի «Ո՞րն է իր գործունեության նպատակը» հարցին: Այս իմաստով` կան քաղաքական ուժեր, որ տևական ժամանակ գործում են «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով, ոչ թե ժողովրդի, պետության, հանրության մարտահրավերներին լավագույն լուծումներ գտնելն է իրենց նպատակը, այլ որքան իրավիճակն ավելի վատ լինի, այնքան շատ կարող են քննադատել, մեղադրել և ամեն ինչ սևացնելու մոլուցքին հագուրդ տալ: Առաջադիմական, արդյունավետ քայլերը կառավարության կողմից այս բևեռում անվերապահորեն իրարից զատելու են իսկապես երկրի կյանքի բարելավման համար պայքարողներին ապակառուցողական ուժերից:
-Նոր կառավարության ձևավորումից հետո հիմնական գնահատականն այն էր, որ նորը լավ մոռացված հինն է: Այդպե՞ս է:
-Դա անձնավորված գնահատական է, ոչ թե գործունեության կամ գործի հիման վրա տրված: Ես մարդկանց նորերի ու հների չեմ բաժանում, չեմ կարծում, որ դա է գլխավոր չափորոշիչը, շատ «հին» մարդիկ կարող են նորովի ու լավ աշխատել, այդ փաստարկը բացարձակապես իրեն սպառել է: Կառավարությունն արագ այդ մեղադրանքը կթոթափի:
-Գործարարների հետ վարչապետի հանդիպումը նաև ա՞յդ խնդիրն ուներ, թե՞ բյուջե լցնելու հարց էր լուծվում:
-Որ երկրում էական ստվերայնություն կա, և այդ ստվերայնությունը կառավարության համար թիրախ է, միանշանակ է: Չէր կարող լինել որևէ կառավարություն, որ այդ թիրախն իր համար չվերցներ և խնդիր չդներ ստվերի չափերը նվազեցնելը: Չեք գտնի որևէ երկիր, որ ստվերն ամբողջությամբ ու մեկընդմիշտ վերացրել է, դա հաստատում է և քաղաքագիտական, և մասնագիտական տեսակետը: Կառավարությունը հրապարակում է իր դիրքորոշումը և քննարկում մարդկանց հետ, որ ապրում և աշխատում են մեր երկրում: Այդ քննարկումը բազմաթիվ առաջարկներ է բերում, որոնք գործի օգտին են միայն: Անկեղծ ասած, գործարարների հետ վարչապետի հանդիպմանը հաջորդած մեկնաբանությունների մեծ մասը պարզ շահարկում էր: Այլ գնահատական չես տա, երբ բարձրաձայնում են` իսկ նախորդ կառավարությունն ի՞նչ է` ստվերի դեմ չէ՞ր պայքարում, դուք հիմա յուրայինների դե՞մ եք պայքարում և այլն, և այլն: Նման հարցադրումներն ընդամենը թեմայի շահարկում են, մինչդեռ կարևոր գործ է արվում:
-Շահարկո՞ւմ եք համարում նաև գործարարների ցանկի քննարկումը:
-Միշտ մեկը կգտնվի, որ հանդիպումից բացակայել է, դա քննարկման բովանդակությունը կամ ձեռք բերված պայմանավորվածությունները չի ստվերում:
-Կա՞ երաշխիք, որ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը ադեկվատ կդառնա իրենց ունեցվածքից բխող հարկային պարտականությունների կատարմանը:
-Որևէ մեկը նման երաշխիք չի կարող տալ, աշխարհի փորձը ցույց է տվել, որ հնարավոր չէ ստվերը բացարձակապես վերացնել ու բացարձակ ադեկվատություն ապահովել հարկերի ու հարստության միջև: Բայց դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ չպիտի աշխատել: Ես վստահ եմ, որ բյուջեի հարկային մուտքերի հավաքագրման գործընթացում բավականին մեծ փոփոխություններ են լինելու: Եվ հանդիպման փաստը, և խաղի կանոնների մասին պայմանավորվածությունները օգտակար են լինելու բյուջեի հավաքագրման, ստվերի պակասեցման գործընթացում:
-Հակառակ պարագայում հնարավո՞ր է, որ սեպտեմբերին կամ հունվարին կառավարություն փոխվի:
-Հազիվ թե նման անհրաժեշտություն լինի, թեև կառավարության կազմում մասնակի փոփոխություններ կարող են լինել, դա բնավ էլ վատ չէ, աշխատանքի նկատմամբ խստապահանջությունը անհրաժեշտ է աշխատանքի արդյունավետության համար:
-Ինչո՞վ եք բացատրում, որ վերջին մեկ ամսում ԼՂ հարցում տարբեր ուղղություններով իրադարձություններ են ծավալվում: ՄԽ ԱՄՆ-ի համանախագահի ելույթը, դեսպանի բացատրությունները, համանախագահների այցը տարածաշրջան, Ֆրանսուա Օլանդի հայտարարությունները, առայժմ եզրափակիչ ակորդն էլ Անտոն Ազարովինն էր` ՄՄ Հայաստանը մտնելու է գործող սահմաններով, ԼՂ հարց չի քննարկվում:
-Ես կարծում եմ, որ ԼՂ հարցով հիմնական ու հիմնարար իրադարձությունները կատարվում են Ղարաբաղում` Արցախի ժողովրդի ձեռքով և ջանքերով` երկիրը զարգացնելու, զորացնելու ուղղությամբ: Շատ կարևոր է, որ թե երկրի ներսում, թե դրսում դա հասկանան ու գիտակցեն: Մենք դրսում հնչող կարծիքներին կուլ գնացող ժողովուրդ ենք, դրսի յուրաքանչյուր կարծիք` անկախ վերևից է, ներքևից, տեղին է, անտեղի, շատ սրտամոտ ենք ընդունում: Ինչ-որ վարչության պետ, ինչ-որ տեղում ինչ-որ բան է ասել, որ կարող է լինել իր անձնական կարծիքը, իսկի կարծիք էլ չլինել, ոմանք արդեն հուզվել են, բայց դա պետական պաշտոնական տեսակետ չէ, փաստաթուղթ չէ, դիրքորոշում չէ:
-Դա փաստի արձանագրում է:
-Փաստի արձանագրում այդ հարցում արդեն եղել է: Եթե խնդիրը ԼՂՀ-ի ՄՄ մտնել-չմտնելը, տեղն ու դիրքն է, փաստի արձանագրում եղել է, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնապես ասել է իր կարծիքն ու պաշտոնապես ստացել պատասխանը:
-Ո՞րն է այդ պատասխանը:
-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը, որ Հայաստանը Ղարաբաղի հետ չունի որևէ բաժանարար գիծ, մաքսային կետ և երբեք չի ունենա: Դա մեզ համար նախապայման է: Այս պատասխանն ընդունվել է ի գիտություն և մեր ՄՄ-ի գործընկերների կողմից չի հերքվել, չի մերժվել: Այս ու այն վարչության պետը կամ բաժնի պետը, բաժնի պետի տեղակալը ինչ կարծիք կհայտնեն, իրենց գործն է: Մենք չենք կարող բոլոր անհատների կարծիքները հավաքել ու քննարկման առարկա դարձնել: Իսկ համանախագահների այցը տարածաշրջան շատ կարևոր է, և մեր հանրության սպասելիքները բավականին լուրջ են նրանցից: Ադրբեջանն իր ոչ կառուցողական դիրքորոշումով դադարեցրել էր բանակցությունները` սկսած Կազանից: Կազանը բոլոր կողմերի համար պարզ դարձրեց` ով ով է և ով ինչ է ուզում, իր դիրքորոշմամբ ինչպես է նպաստում կամ խանգարում խաղաղ կարգավորման գործընթացին:
-Ինչո՞վ պիտի համանախագահներն օգտակար լինեն ստեղծված պայմաններում:
-Տարածաշրջանում չեն դադարում հրադադարի խախտումները, Ադրբեջանում շարունակվում է սպառազինման, հասարակությանն անընդհատ թշնամու կերպարով մարզելու գործընթացը, որ նախաձեռնվում և իրականացվում է պետական ամենաբարձր մակարդակով: Եռանախագահները բազում հարցեր ունեն տալու մեր հարևան պետության ղեկավարներին, թե իրականում որքա՞ն են նրանք անկեղծ, իրականում որքա՞ն են հակված հակամարտության խաղաղ կարգավորման:
-Եռանախագահները այդ հարցը տասը տարի կարող էին տալ, բայց չեն տալիս:
-Նման կոնֆլիկտների կարգավորման համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ գործընթացները դանդաղ են զարգանում, տարիներ ու տասնամյակներ են պահանջում, այդ հարցերը դանդաղ տրվող ու դանդաղ պատասխանվող հարցեր են:
-Ֆրանսիայի նախագահը տարածաշրջանային այցի ընթացքում երկու նախագահներին առաջարկում էր շարունակել բանակցությունները և հստակ ասում էր, որ իր նպատակը հարցը լուծելն է։ Դա բարի կա՞մք էր, թե՞ այդ բարի կամքի հետևում Ֆրանսիայի կամ ԵՄ-ի ինչ-որ առաջարկ կար:
-Ֆրանսիան մեզ բարեկամ պետություն է, երկարամյա գործընկեր, որ միշտ հանդես է եկել մեր բոլոր խնդիրների արդարացի լուծման դիրքերից: Կարծում եմ` նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այդ վերաբերմունքը պահպանված է, և կա Հայաստանի իրավիճակի փոխըմբռնում: Չարդարացան մեր որոշ գործընկերների սպասելիքները, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերություններն այսուհետ սառույցի վրա են գրված: Այդ իմաստով շատ կարևոր էր Ֆրանսիայի նախագահի այցը` ցույց տալու, որ Հայաստանի քայլերն ըմբռնում ունեն, և նրա տեսակետը, որ պետք է գտնել Հայաստան-ԵՄ համագործակցության նոր մոդել:
-Հայաստանը պատրա՞ստ է այդ համագործակցության որևէ մոդելի:
-Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մի քանի անգամ այս ընթացքում հայտարարել է, որ իր կատարած քայլերը արագընթաց որոշումների ծնունդ չեն, այլ կշռադատված ու հավասարակշիռ, և այդ քայլերի հիմքում հենց այդպիսի մոդելի զարգացումն է: Հայաստանը կարող է հարաբերություններ ունենալ թե այս, թե այն կողմում, ավելին` նաև ձգտել կապող օղակ դառնալ: Կարևոր է, որ մեր գործընկերները, ի դեմս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, խորապես տիրապետում ու հասկանում են մեր քայլերի դրդապատճառները: Սա վկայում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա վարած քաղաքական կուրսի նկատմամբ բարձր վստահությունը:
-Ինչքան ուկրաինական իրադարձությունները խորանում են, այնքան մեծանում են տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, այդ իրավիճակը Հայաստանի տնտեսության վրա չի՞ ներգործի:
-Հայաստանի տնտեսությունն էականորեն կապված է Ռուսաստանի տնտեսության հետ, բայց Ռուսաստանը մեր միակ տնտեսական գործընկերը չէ: Ռուսական տնտեսական դաշտի վիճակը, բնականաբար, իր ազդեցությունն ունենալու է մեզ վրա, ընդհանրապես այսօր աշխարհի տնտեսական զարգացումների, արտաքին ռեսուրսների, դրսի շուկաների և ներդրումային հնարավորությունների հարցերում ամենուրեք տիրող իրավիճակն է խիստ անորոշ, ցնցումներով լի: Վաղուց հայտնի ճշմարտություն է` եթե կա վիճակ, որ չես կարող փոխել, պիտի ընդունես` ինչ կա, և փորձես քեզ համար առավելապես օգտավետ ճանապարհը գտնել: Սա նույն խնդիրն է, որ մենք հնչեցնում ենք Մաքսային միության առնչությամբ` անընդհատ ասելով` այս ապրանքը կթանկանա, այն ապրանքը կթանկանա թե կէժանանա, բայց կարևորը դա չէ, այլ ՄՄ տնտեսական տարածքում ի՞նչ քաղաքականություն վարել և ի՞նչ քայլեր կատարել` առավելագույնս օտվելու համար իրավիճակից: Այս միտքը դոմինանտ պիտի լինի և կառավարողների, և գործարարների, և հասարակության մեջ: Կառավարության ծրագրի գաղափարախոսությունը դա է` ռիսկերը հետևողականորեն գնահատելով, ներքին ռեսուրսների համակարգված և արդյունավետ օգտագործման, արդյունաբերական քաղաքականություն վարելու, արտահանմանն աջակցելու, և, կարծում եմ, որ դա է մարտահրավերներին դիմակայելու, բարեկեցություն հաստատելու, հասարակության սպասելիքներն արդարացնելու իրական ճանապարհը:
Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ